2021 Փետ 09, Երեքշաբթի
Ֆիզիկական ակտիվության կարևորությունը` հղիության ժամանակ:
Հղիության նորմալ ընթացքի դեպքում կնոջ համար ֆիզիկական ծանրաբեռնվածությունն անհրաժեշտություն է:
Հղիության ընթացքում մարմնամարզության դրական արդյունքներն ակնհայտ են. այն օգնում է ամրացնել մկանները, լավացնում է արյան շրջանառությունը ներքին օրգաններում, ինչի շնորհիվ պտուղն առատ թթվածին է ստանում: Հղիության ընթացքում մարմնամարզությունն օգնում է նաև կարգավորել շնչառությունը, ինչը հետագայում արդյունավետ ազդեցություն ունի ծննդաբերության ժամանակ:
Հղիության ընթացքում մարմնամարզության վերաբերյալ կա նաև ծայրահեղ կարծիք, համաձայն որի կարելի է շարունակել առանց սահմանափակումների ակտիվ կենսակերպ վարել, քանի որ հղիությունը նորմալ ֆիզիոլոգիական վիճակ է: Սակայն, ինչպես ամեն ծայրահեղություն, դա նույնպես ընդունելի չէ:
Հղիության ժամանակ ֆիզիկական ակտիվության ի՞նչ սահմանափակումներ կան:
Որոշ սահմանափակումներ ցանկալի են յուրաքանչյուր հղի կնոջ համար: Հղիության ընթացքում հակացուցված է ցանկացած ֆիզիկական ծանրաբեռնվածություն, որն ուղեկցվում է մարմնի ցնցումներով, տատանումներով, ծանրություն բարձրացնելով, ընկնելու վտանգով կամ հարվածներով:
Հղիության ընթացքում արգելված է նաև պրոֆեսիոնալ սպորտով զբաղվելը, ինչպես նաև այնպիսի մարզաձևերը, ինչպիսիք են` լեռնագնացությունը, ձիավարությունը, մարտարվեստը, ջրի մեջ թռիչքները և այլն:
Ի՞նչ վտանգներ կարող են առաջանալ ծանրաբեռնվածության հետևանքով:
Լարված և ինտենսիվ ֆիզիկական ծանրաբեռնվածությունը հանգեցնում է արյան շրջանառության վատացման, ինչն էլ դառնում է պտղի դանդաղ, վատ զարգացման պատճառ: Սա կարող է վիժման պատճառ լինել:
Որոշ դեպքերում, սակայն, հղի կնոջը հակացուցված է ցանկացած ֆիզիկական ծանրաբեռնվածություն, օրինակ, երբ առկա է բարդությունների հավանականություն:
Ֆիզիկական ծանրաբեռնվածության թույլատրելի մակարդակը պետք է որոշել բժիշկ-գինեկոլոգի հետ:
Ո՞ր եռամսյակումներում է հղին ավելի զգայուն ֆիզիկական ծանրաբեռնվածության նկատմամբ:
Ֆիզիկական ծանրաբեռնվածության թույլատրելի ինտենսիվությունը տարբեր է` կախված հղիության ժամանակահատվածից և ընթացքից, ինչպես նաև՝ անհատական ֆիզիկական տվյալներից:
Վիժման վտանգի հավանականությունը մեծ է հղիության առաջին եռամսյակում: Այդ շրջանում կանանց խորհուրդ է տրվում ֆիզիկական ակտիվությունը նվազեցնել 70-80 տոկոսով՝ համեմատած մինչև հղիությունն ունեցած ակտիվության հետ:
Ակտիվության ի՞նչ տեսակներ են օգտակար:
Մարզումների լավագույն տեսակներ են համարվում քայլքը, լողը: Մարմնամարզություն ևս անհրաժեշտ է կատարել, բայց քիչ և ոչ ակտիվ, սակայն դրանք պետք է պարբերական բնույթ կրեն՝ շաբաթական, առնվազն, 3 անգամ: Այդպես ավելի արդյունավետ կլինեն, քան երբեմն-երբեմն կատարված երկարատև մարզումները, որոնք միայն վնաս են օրգանիզմին, քանի որ վերջինիս համար կտրուկ ծանրաբեռնվածությունը սթերս է:
Ե՞րբ է ավելի նպատակահարմար զբաղվել մարզումներով:
Մարզումներ կարելի է անցկացնել սնվելուց 2 ժամ անց: Մարզումների ընթացքում պետք է խուսափել ջրազրկումից և գերտաքացումից։
Մանուալ թերապիան դա ձեռքերով հնարքների համակարգ է, որի օգնությամբ կարելի է բավական արդյունավետ կերպով ձերբազատվել...
Կարդալ ավելին»Արդյո՞ք հղիության ընթացքում ուլտրաձայնային հետազոտություններն (ՈՒՁՀ) անվտանգ են...
Կարդալ ավելին»Մարգարյան ծննդատան կանանց կոնսուլտացիա էր դիմել 5-րդ հղիությամբ, 15 շաբաթական ժամկետում բազմածին կին և վերցվել հաշվառման...
Կարդալ ավելին»